Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խորհուրդները միայն ավելացնում են ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:
Այդ մասին Կախեթի շրջանի Ցինանդալի (Արեւմտյան Վրաստան) գինեգործական հայտնի կենտրոնում նոր Radisson հյուրանոցի բացմանը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Հիշեցնենք, Լավրովը ռուսներին խորհուրդ էր տվել Վրաստան չմեկնել:
«Այժմ բոլոր հյուրանոցները լի են ռուս զբոսաշրջիկներով: Ինչքան շատ է Լավրովն ասում, որ չգան, այնքան ավելի շատ մարդիկ են գալիս: Գուցե Լավրովին որպես զբոսաշրջային գործակալ աշխատանքի՞ վերցնենք»,- Վրաստանի նախագահի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
«Բոլոր ինքնաթիռները լի են ռուսներով, բոլորը լսել են նրա հայտարարությունները, եւ էլ ավելի հաճույքով են գալիս այստեղ: Լավրովին զբոսաշրջային գործակալի աշխատավարձ նշանակեք, նա շատ լավ է գովազդում Վրաստանը»,- ասել է Սահակաշվիլին` դիմելով կրթության նախարարին:
Նա նաեւ նշել է, որ ամեն տարի հակավրացական քարոզչության վրա ռեկորդային գումարներ են ծախսվում, բայց, չնայած դրան, մարդիկ շարունակում են այցելել Վրաստան:
«Սպասվում է, որ այս տարի մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ կայցելի Վրաստան, նրանք կարող են Վրաստանի մասին ճշմարտությունը պատմել, եւ նրանց արդեն ոչ ոք չի կարող համոզել, որ վրացիները մարդակերներ են», - Սահակաշվիլիի խոսքերը մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:




























