Սանկտ-Պետերբուրգում արգելել են Պուտինի մասին ներկայացումը: «Գազա» մշակույթի պալատը հրաժարվել է ընդունել «ԲեռլուսՊուտին» բեմականացումը, քանի որ Կիրովի գործարանի ղեկավարության համար դա անցանկալի թեմա է:
Ավելի ուշ «Թատրոն.Doc» թատրոնի ռեժիսոր Վառվառա Ֆաերը հաղորդել է, որ Պետերբուրգում հաջողվել է այլ հրապարակ գտնել` Լենսովետի մշակույթի տունը:
Թատրոնի կայքում հաղորդվում է, որ ներկայացումը քաղաքական սուր երգիծանք է: Այն բեմադրվել է ըստ իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի պիեսի:
Սյուժեում Բեռլուսկոնին հյուր է գալիս Պուտինին իր հրաժարականի առթիվ բողոքելու համար, հանկարծ ահաբեկչություն է տեղի ունենում. Ցանկանում են սպանել Պուտինին, բայց սպանում են Բեռլուսկոնիին, իսկ Պուտինին գլխի լուրջ վնասվածք են հասցնում:
Նյարդավիրաբույժները Պուտինին փրկելու համար Բեռլուսկոնիի ուղեղի աջ կիսագունդը տեղադրում են նրա գանգատուփում… Արթնացած հիբրիդը` ԲեռլուսՊուտինը, ոչինչ չի հիշում, իսկ նրա օրինական կինը փորձում է բացատրել` ինչն ինչոց է:
Բեմում Պուտինը փաղաքշում է Ալինա Կաբաեւային, չափից շատ Բոտոքս է խմում եւ արդյունքում վերածվում «Հարրի Փոթերի» տնային ոգուն` Դոբիին:




























