Բահրեյնում, այսօր` ապրիլի 21-ի գիշերը, ոստիկանության հետ բախումների ժամանակ մեկ ցուցարար է սպանվել, հաղորդում է ընդդիմությունը: Բահրեյնում ցույցեր են ընթանում ապրիլի 22-ին երկրում «Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի գրան-պրի մրցույթի անցկացման դեմ:

Բահրեյնի իշխանությունները նոր հուզումների սպասելով, ուժեղացնում են անվտանգության միջոցառումները: Մրցավազքի տարածք են բերվել զրահապատ մեքենաներ:

Գրան պրին թիրախ է դարձել այն պատճառով, որ Բահրեյնի թագավորական ընտանիքը սերտ կապեր ունի մրցույթի կազմակերպիչների հետ: Սակայն Բահրեյնի ժառանգորդ արքայազնը մեկ օր առաջ հայտարարել էր, որ մրցույթի չեղյալ հայտարարումը ձեռնտու է միայն ծայրահեղականներին: Նա նշել էր, որ մրցավազքն անպայման կկայանա, քանի որ կարեւոր է երկրի համար տնտեսական եւ սոցիալական առումներով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, արքայազնը դիմել է լրագրողներին եւ նշել, որ երկրում տեղի ունեցողը ոչ մի առնչություն չունի «Ֆորմուլա-1»-ի անցկացման հետ: