Ուլյանովսկում ձերբակալել են  ռուսաստանցի ընդդիմադիր, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին: Նրան մեղադրում են «Ճանապարհային ռադիո»-ի լրագրող Աննա Պոզդնյակովին ծեծի ենթարկելու մեջ:

«Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Վլադիմիր Բուրմատովը  պատմել է, որ ուլյանովսկի հանրահավքաի ժամանակ լրագրողը հարց է ուղղել Ուդալցովին Շեինի հացադուլի մասին, ինչից հետո ընդդիմադիրը հարձակվել է լրագրողի վրա եւ սկսել ծեծել: «Հավանաբար երիտասարդ հեղափոխականի նյարդերը տեղի են տվել»,-ենթադրում է պատգամավորը:

Ինքը` Ուդալցովը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները: «Ուլյանովսկում հանրահավաքից հետո ինձ ձերբակալեցին ոստիկանության աշխատակիցները` ասելով, թե  ինչ-որ կնոջից  բողոք են ստացել իբր իր նկատմամբ իմ կողմից բռնության կիրառելու վերաբերյալ: Դա այլ կերպ, քան սադրանք չեմ կարող որակել: Ոչ մի նման բան չի եղել»,-ասել է նա:

Ուլյանովսկում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ռուսաստանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայման: