«Ժառանգություն» կուսակցությունը բացառապես սկզբունքային է գործել, երբ դուրս է եկել ընտրությունների վերահսկման միասնական շտաբից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ «Ժառանգությունը» երկու նախապայման է առաջ քաշել, որոնցից մեկով միասնական շտաբի հայտարարությունը ստորագրած ուժերի լիդերները, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը պետք է անձամբ ստորագրեն այդ հայտարարության տակ, եւ երկրորդ. հայտարարությունում պետք է կետ ավելացվի` բարեգործության անվան տակ ընտրակաշառքների բաժանման անթույլատրելիության մասին:

«Այստեղ ի՞նչն է անհասկանալի: Եթե անկեղծ, ես ոչ թե չեմ հասկանում, այլ ուղղակի չեմ ցանկանում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածները»,-հայտարարել է Սաֆարյանը:

Նրա խոսքով, եթե միասնական շտաբը պետք է միայն արձանագրի խախտումներն ընտրատեղամասերում, ապա դա, կներեք, դա ոչ թե ընտրությունների օրինականության վերահսկման շտաբ է, այլ շտաբ, որը հետեւում է, որ ընտրակաշառքով ստացած ձայները տեղ հասնեն: «Այնպիսի տպավորություն է, որ միասնական շտաբն անօրինական կերպով ստացած ձայները պահելու շտաբ է»,-ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Հարցին, թե ներկա պայմաններում «Ժառանգությունն» ինչպես է պայքարելու ընտրակեղծիքների դեմ, երբ չի միացել ոչ միասնական շտաբին, ոչ ԱԺ-ում գործող աշխատանքային խմբին, Սաֆարյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ էր անում «Ժառանգությունը», երբ մյուսները չկային, 2005-ից ի վեր «Ժառանգությունը» միայնակ է իրականացնում այդ առաքելությունը: Այն ժամանակ չկար Հայ ազգային կոնգրեսը, չկար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ էր անում «Ժառանգությունը» 2008-ին, երբ ստեղծեց ընտրությունների վերահսկման խումբ: Մենք ապացուցեցինք, որ դա արել ենք միայնակ ու հիմա էլ պատրաստ ենք անել նույնը, եթե մյուսներին հետաքրքրում է լրիվ այլ բան»:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀԱԿ-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբին «Ժառանգության» չմիանալուն, հայտարարելով, որ «Ժառանգության» վարքն ինքը չի հասկանում: «Գուցե ինձ չի բավականացնում կրթությունը, բայց ես անկեղծ չեմ հասկանում նրանց վարքը»,-ասել էր նա:
Նշենք, որ սկզբում միասնական շտաբի ստեղծման հայտարարության տակ կար 4 ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ստորագրությունները, սակայն ավելի ուշ «Ժառանգությունը» հայտարարեց, որ իր ստորագրությունը ժամանակավոր էր: