«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը պարզաբանել է մամուլի տեղեկությունները, ըստ որոնց, ԲՀԿ-ն զբաղված է բարեգործությամբ եւ հանրապետության մարզերին գյուղտեխնիկա է նվիրում

ԲՀԿ շտաբի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի գյուղացիական տնտեսություններում մեքենատրակտորային կայանների ստեղծման անհրաժեշտությունը՝ «ՉինՎան» ՍՊԸ-ի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից 2011 թվականի հունվարից սկսել է իրականացվել մեքենատրակտորային պարկեր ստեղծելու համատեղ բիզնես ծրագիրը: Սույն ծրագրի կառավարումն իրականացվում է «ՉինՎան» ՍՊԸ-ի կողմից, որը ղեկավարում է «ՉինՎան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Նաջարյանը:

Աշխատաքները սկսվել են 2011 թվականի հունվարից եւ նպատակն է հանրապետության բոլոր մարզերում ստեղծել միջհամայնքային մեքենատրակտորային կայաններ: Հաշվի առնելով տեղանքի գոտիականությունը (հարթավայրային, նախալեռնային, լեռնային), եւ մշակութաբույսերի բազմազանությունը՝ կայանները համալրվում են տվյալ գոտուն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Հանրապետության մարզերում ստեղծվող մեքենատրակտորային կայանները հանդիսանում են «ՉինՎան» ՍՊԸ-ի մասնաճյուղերը: Վերոնշյալ կայանների կողմից իրականացվող ծառայությունները վճարովի են՝ համապատասխան սակագներով:

Ոչ մի տրակտոր, գյուղտեխնիկա որեւէ անձի, համայնքի, գյուղի կամ մարզի չի նվիրվում:

Եւս մեկ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ բարեգործական ծրագիր չի իրականացրել եւ չի իրականացնում: Հույս ունենք, որ սույն պարզաբանումը կբավարարի այս խնդիրը շահարկողներին եւ վերջիններս այսուհետ ձեռնպահ կմնան փաստերի ակնհայտ խեղաթյուրումից»: