Ժողովրդի վստահությամբ իշխանությունը կարող է շատ ավելի մեծ քայլեր կատարել: Այդ մասին այսօր` ապրիլի 21-ին, Լոռիի մարզի Օձուն գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Մենք կազմում եւ իրականացնում ենք մեր ծրագրերը, գիտակցում ենք մեր կուսակցության պատասխանատվությունը: Մեզ կարող են հարցնել. Ինչո՞ւ հիմա, եթե անում էիք, մինչեւ հիմա անեիք: Կարող ենք պատասխանել` արել ենք, եւ հիմա էլ անում ենք: Կան բաներ, որոնք անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր: Մենք արդեն ունենք լուծման հիմնաքարերը:
Մեր նպատակն է բարձրացնել կենսամակարդակը: Այդ խնդիրն իր մեջ ներառելու է ամեն ինչ: Մենք օգնելու ենք ե’ւ հողագործին, ե’ւ անասնապահին, ե’ւ վերամշակողին: Աջակցելու ենք ե’ւ աշակերտին, ե’ւ ուսուցչին, ե’ւ երիտասարդ ընտանիքին, ե’ւ բժշկին, ե’ւ հիվանդին, ե’ւ աշխատողին, ե’ւ անաշխատունակին: Քաղաք առ, համայնք առ համայնք: Համայնքների միջեւ էլ մեծ գործ ունենք անելու. ճանապարհներ, սողանքապաշտպան միջոցառումներ, տրանսպորտ: Այս բոլորը մի բանի համար է. պիտի ավելի լավ ապրենք մեր վաստակով, մեր կազմակերպվածությամբ, բացառենք կիսատ-պռատությունը», - ասել է նախագահը:
«Մենք ցանկանում ենք, որ այդ ընտրությունները վստահություն բերեն մեր ժողովրդին, ապա նաեւ` մեր գործընկերներին, որովհետեւ այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունները կարող են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան իշխանությունները, որոնք չունեն ժողովրդի սատարումը: Որպես ՀՀԿ –ի նախագահ, ես ցանկանում եմ, որ մեր կուսակցությունն ստանա բավարար թվով քվեներ, բայց որպես երկրի նախագահ, որպես Հայաստանի քաղաքացի, իմ նպատակն է անցկացնել պատշաճ ընտրություններ, որոնցից կշահի երկիրը, նրա քաղաքացիները, ինչպես նաեւ մնացած քաղաքական ուժերը», - հավելել է Սերժ Սարգսյանը:




























