Բագրատաշենի մաքսակետն իր դերակատարությունը կունենա Հայաստանի զարգացման մեջ: Այդ մասին այսօր` ապրիլի 21-ին, սահմանամերձ Բագրատաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Ի տարբերություն այլ տարածաշրջանների, դուք սահմանակից եք բարեկամ երկրի, որի կայունությունը կարեւոր է մեզ համար: Շատերը հիշում են, որ ժամանակին առեւտուրը տեղի բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրներից մեկն էր: Այժմ մենք պատրաստվում ենք վերակառուցել անցակետը, որը կայուն աշխատատեղեր կստեղծի տեղի բնակչության համար», - ասել է նա:
«Ես եկել եմ, որպեսզի այս անգամ եւս ձեզ խնդրեմ վստահել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ձեր աջակցությունը չափազանց կարեւոր է: Բոլոր ծրագրերը չէ, որ իրականացրել ենք: Ավելին` շատ ծրագրեր չկատարվեցին` կապված արտաքին ազդակների հետ: Բայց մենք հետամուտ ենք դրանք իրականացնելու գործում: Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր համայնք այնպիսի զարգացում ունենա, որ մեր երեխաները չճանաչեն իրենց համայնքը, բնակավայրը: Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում կուտակած փորձը մեզ թույլ կտա հասնել ավելի մեծ հաջողության: Այսօրվա եւ 10-15 տարվա Բագրատաշենը դժվար է համեմատել: Մենք ապրում ենք մեկ այլ համայնքում: Բայց իրոք եկել է ժամանակը, որ մենք մեր ծրագրերը շատ ավելի մեծ թափով առաջ տանենք: Ուզում եմ, որպեսզի բոլորս գիտակցեն, որ մայիսի 6-ն աշխարհի վերջ չէ եւ պատերազմ չէ: Ընտրություններից պետք է դուրս գանք առավել միասնական: Մենք կարող ենք հասնել լավ արդյունքների միայն ու միայն միասնության միջոցով: Եթե չհավատանք, ոչինչ չի կարող էապես փոխվել», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա կոչ է արել Տավուշի մարզում` թիվ 40 ընտրատարածքում սատարել անկուսակցական Մարինե Մարաբյանին` նշելով, որ նախորդ պատգամավորը (Միքայել Վարդանյանը-խմբ) լինելու է իրենց հետ եւ կշարունակի աջակցել մարզին:




























