Ֆրանսիայում ապրիլի 22-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, ողջ երկրում առավոտյան բացվել է 85 հազ. ընտրական տեղամաս:  Ֆրանսիայում ընտրելու իրավունք ունի 44 մլն մարդ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին արդեն քվեարկել են Ֆրանսիայի անդրծովյան տարածքները` Սեն Պիերը եւ Միկելոնեն, Մարտինիկը, Ֆրանսիական Գվիանան, Ֆրիանսիական Պոլինեզիան, Հարավային եւ Հյուսիսիային ամերիկաների երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 10 թեկնածուներ. Ֆրանսիայի գործող նախագահ, «Հանուն ազգային շարժման» կուսակցության ղեկավար Նիկոլա Սարկոզին, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը,  ծայրահեղական աջ «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Փենը,  «Ձախ ճակատի» թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը,  «Դեմոկրատական շարժման» (MoDem)  առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, «Եվրոպա բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության նախագահ Եվա  Ժոլին, «Վեր կաց, հանրապետություն» կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն Էնյանը, ծայրահեղ ձախ «Նոր հակակապիտալիստական կուսակցության» նախագահ Ֆիլիպ Փութուն,  տրոցկյան կոմունիստական  «Բանվորական պայքար» կուսակցության առաջնորդ Նատալի Արթոն եւ «Աջակցություն եւ առաջընթաց» կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը:

Ակնկալվում է, որ երկրորդ փուլ կանցնեն Սարկոզին եւ Օլանդը: