Ապրիլի 22 –ին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված հայ գրատպության 500-ամյակին եւ «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկին, որին ներկա է գտնվել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հողորդում է NEWS.am-ի թղթակիցը, իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նման պատվավոր տիտղոսի փոխնցումը Բուենոս Այրեսից խորհրդանշական է համարել:
«Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքի խորհրդանիշը ստանում է Հայոց ցեղասպանության իննսունյոթերորդ տարելիցի նախօրյակին: Սա եւս մեկ հավաստումն է այն բանի, որ անհնար է սպանել ոգին եւ ժողովրդի հավաքական միտքը: Պակաս խորհրդանշական չէ այն փաստը, որ Երեւանն այս էստաֆետն ընդունում է Բուենոս-Այրեսից, որտեղ Մեծ եղեռնից հետո մեր հազարավոր հայրենակիցներ փրկության ափ դուրս եկան»,-նշել է նախագահը:
«Երեւան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել նաեւ «Հայ գրատպության 500-ամյակը. Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողությունը կատարել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:




























