Ֆրանսիայի անդրծովյան տարածաշրջանների քվեարկության արդյունքներով առաջատարը սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդն է:

Ինչպես հաղորդում է  «Tribune de Geneve»-ը, Սեն Պիեր եւ Միկելոն կղզիներում Օլանդի օգտին քվեարկել է ընտրողների 33,7%-ը, Նիկոլա Սարկոզիի օգտին` 18,7%-ը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի օգտին` 15,8%-ը, «Ձախ ճակատի» ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնի օգտին` 15,1%-ը:Նշենք, որ Ֆրանսիայում այսօր` ապրիլի 22-ին անցկացվում են  նախագահական ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, ողջ երկրում առավոտյան բացվել է 85 հազ. ընտրական տեղամաս:  Ֆրանսիայում ընտրելու իրավունք ունի 44 մլն մարդ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 10 թեկնածուներ. Ֆրանսիայի գործող նախագահ, «Հանուն ազգային շարժման» կուսակցության ղեկավար Նիկոլա Սարկոզին, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը,  ծայրահեղական աջ «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Փենը,  «Ձախ ճակատի» թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը,  «Դեմոկրատական շարժման» (MoDem)  առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, «Եվրոպա բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության նախագահ Եվա  Ժոլին, «Վեր կաց, հանրապետություն» կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն Էնյանը, ծայրահեղ ձախ «Նոր հակակապիտալիստական կուսակցության» նախագահ Ֆիլիպ Փութուն,  տրոցկյան կոմունիստական  «Բանվորական պայքար» կուսակցության առաջնորդ Նատալի Արթոն եւ «Աջակցություն եւ առաջընթաց» կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը:

Ակնկալվում է, որ երկրորդ փուլ կանցնեն Սարկոզին եւ Օլանդը: