Արցախի պետհամալսարանի պատվավոր դոկտոր, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Համառուսաստանյան Լերմոնտովյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գորղների միության պատվավոր անդամ, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` անդրադառնալով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու հարցին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացա Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակի մասին` կապված ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետ: Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության եւ գիտության նախարարի կողմից  ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլեւ կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ի՞նչպես կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես, ինչպեսեւ Ռուսաստանում շատ գիտնականներ, չէինք կարող նման արձագանք սպասել Կրթության եւ գիտության նախարարի կողմից:  Մի՞թե Ձեզ մոտ այնքան շատ են բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք ունակ են Ձեր հանրապետությունը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի առջեւ, ինչպես դա անում էր Սուրեն Զոլյանը:Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար եւ միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում դադարեցնելու եւ 2008թ. մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: