Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական այցով մեկնել է Բաքու:
Հիշեցնենք, որ NEWS.am-ն արդեն հայտնել էր Լիբերմանի Ադրբեջան կայանալիք այցի մասին, սակայն տվյալ այցի մանրամասները մինչեւ վերջին պահը գաղտնի են պահվել:
Ինչպես հայտնում է IzRus կայքը, միայն այն բանից հետո, երբ ԱԳՆ-ի ղեկավարը Բաքու է մեկնել, այդ գերատեսչությունն առաջին անգամ տարածել է Ադրբեջան կատարելիք այցի վերաբեյալ պաշտոնական տեղեկատվությունը: Լիբերմանը Ադրբեջան է մեկնել կիրակի` ապրիլի 22-ին:
Մինչ Իսրայելից մեկնելը, պաշտոնական Երուսաղեմը ադրբեջանական կողմի խնդրանքով զերծ է մնացել այդ այցի մասին ցանկացած տեղեկատվության հրապարակումից, հայտնում է կայքը:
Ըստ ԱԳՆ-ի մամլո ծառայության տվյալների` Լիբերմանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, առաջին փոխվարչապետ Յըղուբ Էյուբովի, իր գործընկեր Էլմար Մամեդյարովի եւ արտակարգ իրավիճակների նախարար Քյամալադին Հեյդարովի հետ:
Արտգործնախարարը նաեւ կմասնակցի պաշտոնական միջոցառմանը, որը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին, որի ընթացքում տեղի կունենա Ադրբեջանական լեզուների համալսարանում (ADU) Իսրայելական մշակութային կենտրոնի բացումը:
Այցի ավարտին Լիբերմանը կայցելի Շվեյցարիա, որտեղ նա նախատեսել է բանակցություններ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Դիդյե Բուրգհալթերի հետ:




























