Ռուսաստանի Ամուրի շրջանի Տիգդա գյուղի հրդեհի զոհերի թիվը հասել է երկուսի. հիվանդանոցում ծանր այրվածքներից վախճանվել է 1935 թվականին ծնված մի կին: Հիշեցնենք, որ ավելի վաղ բնակելի տան այրված փլատակների տակ գտել էին այլ տարեց կնոջ մարմին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 20-ին ուժեղ հրդեհը գրեթե ոչնչացրել էր Տիգդա գյուղը: Հաղորդվել էր, որ հրդեհի հետեւանքով առանց տանիքի էին մնացել 120 մարդ, այդ թվում նաեւ 28 երեխա:
Ըստ ԱԻՆ-ի ճշտած տվյալների` Տիգդայում հրդեհը ոչնչացրել է 83 տուն եւ ավելի քան 40 այլ շինություններ: Առանց տանիքի են մնացել 346 մարդ, այդ թվում` 59 երեխա:
Տանիք եւ ունեցվածք կորցնողների թվում են 4 հրշեջներ: Նրանք իրենց պարտքն էին կատարում, փրկում էին գյուղը կրակից եւ չեն լքել ամենավտանգավոր գոտիները, մինչեւ կրակը չի մարվել: Սակայն այդ ժամանակ այրվել են նրանց տները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բոլոր տուժածները տեղակայվել են բարեկամների, ծանոթների մոտ կամ ժամանակավոր կացարաններում: Տուժածներին անվճար տրամադրվում է երեքանգամյա սնունդ, հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ: Տիգդայում աշխատում է հրդեհի հետեւանքների վերացման եւ տուժածներին օգնության տրամադրման օպերատիվ շտաբ:




























