Ճապոնիայի արդարադատության նախարար Տոսիո Օգավան եւ արդարադատության նախարարության երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ապրիլի 23-ին կսկսեն խորհրդակցությունները մահապատժի  հնարավոր մեթոդների հարցով:

Ինչպես հայտնում է տեղական NHK հեռուստաալիքը, հունվարին արդարադատության նախարարի պաշտոնին անցնելուց հետո Օգավան բազմիցս հայտարարել է, որ մահապատիժների վճիռների կատարումն իր պարտականությունն է: 

Այժմ նախարարը մտադիր է քննարկել նաեւ թե ինչպես բացի կախաղանից կարելի է պատժել մարդկանց, որոնք դատարանով դատապարտվել են առավելագույն պատժի, հայտնում է  «gazeta.ru»-ն:

Բանն այն է, որ մահապատժի դեմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը փաստում են նրանով, որ կախաղանով իրականացվող մահապատիժը շատ դաժան է: Այդ պատճառով էլ նախարարության ղեկավարները վերանայում են այլ երկրներում կիրառվող միջոցները եւ կուսումնասիրեն նրանց առավելությունները եւ թերությունները:

Այժմ ճապոնական բանտերում պահվում են 135 մարդ, որոնք դատապարտված են կախաղանի: Նրանց շարքում է նաեւ  երկրում հայտնի դատապարտյալ, «Աում Սինրիկե» սեկտայի նախկին առաջնորդ Սեկո Ասահարան, որի հրամանով 1995 թվականին իրականացվել էր գազային հարձակում Տոկիոյի մետրոյում: