Արդյունաբերական զարգացման ծրագրի շրջանակներում հայտնի են այն հաջորդ երեք ոլորտները, որոնք կճանաչվեն զարգացման (արտահանման) գերակա ոլորտներ: Այդ երեք ուղղություններից մեկը ներառելու է ոսկերչությունը, ադամանդագործությունը եւ ժամագործությունը, որոնք կդիտարկվեն որպես մեկ միասնական ոլորտ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն մշակել է արտահանմանն ուղղված 3 ոլորտների զարգացման ծրագրեր` կոնյակագործություն, դեղագործություն եւ ճշգրիտ մեքենաշինություն:
Տ. Դավթյանի պարզաբանմամբ` ադամանդագործությունը, ոսկերչությունը եւ ժամագործությունն ունեն շատ ընդհանրություններ, հետեւաբար կարելի է դիտարկել որպես մեկ ոլորտ` ենթաճյուղերով: Ժամագործական մի քանի ընկերություններ արդեն իսկ կան:
Առաջինը «Գնոմոն» ոսկերչական գորածարանի բազայի վրա, երկրորդը «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության մասնաճյուղն է, որը որոշակի մասեր է արտադրում, երրորդը AWI (Armenian Watch International) ընկերությունն է, որի հիմնադիրը նույնպես «Ֆրանկ Մյուլլերն» է եւ որը տալիս է վերջնական արտադրանք: «Ես տեսել եմ AWI-ի ժամացույցները Եվրոպայի խանութներում»,-փաստեց Տ.Դավթյանը: Նրա կարծիքով` ժամագործությունն ունի համեմատական առավելություններ` տրանսպորտային ծախսերը փոքր են, կա համապատասխան մասնագիտական ռեսուրս: «Հայ մասնագետները շուտ են ընկալում, շուտ են տիրապետում այս տեխնոլոգիաները, ինչ-որ գենետիկական բան կա, լավ ձեռք ունենալը հայերի համար միշտ հատկանշական է եղել»,- ասաց Տ. Դավթյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` ժամացույցների միջազգային շուկան կայուն է, թեեւ ենթակա է որոշակի տատանումների:




























