Եվրամիության 27 երկրների ատրգործնախարարներն ապրիլի 23-ին Լյուքսեմբուրգում հանդիպման ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 14-րդ փաթեթի կիրառման մասին որոշումը: Այդ մասին հայտնում է AFP-ն` հղում անելով ԵՄ-ի դիվանագիտական շրջանակների դիվանագիտական աղբյուրներին:
Պատժամիջոցները վերաբերում են «լյուքս» տեսակի ապրանքներին եւ նյութերին, որոնք օգտագործվում են ազգային հուզումները ճնշելու համար:
Ըստ աղբյուրի` տվյալ միջոցները շատ խորհրդանշական են, քանի որ վերջերս լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ` Ասմայի սերը շքեղ առարկաների նկատմամբ:
«Այդ միջոցներն ուղղված են Ասադ զույգի, նրա կլանի եւ իշխող վարչակարգի ղեկավարների դեմ այն պատճառով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես ազդեն նաեւ նրանց անձնական կյանքի վրա», - ավելացրել է գործակալության զրուցակիցը: Հիշեցնենք, որ պատժամիջոցների նախորդ փաթեթը նախատեսում էր Բաշար Ասադի ընտանիքի անդամների համար Եվրամիության տարածքի մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում:
Սիրիային զուգահեռ, ԵՄ արտգործնախարարները, ինչպես սպասվում է, որոշում կկայացնեն Մյանմարի իշխանությունների դեմ մի շարք պատժամիջոցները վերացնելու մասին, ինչպես նաեւ կքննարկեն Իրանի, Բելառուսի եւ Արգենտինայի շուրջ իրավիճակը, նաեւ` իրադրությունը Լիբիայում, Մալիում, Գվինեա-Բիսաուում, Սուրինամեում, Կոնգոյում, Սուդանում եւ Հարավային Սուդանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























