Ղազախստան այցելուների թիվը կտրուկ աճել է բրիտանացի Սաշա Բարոն Քոենի կատակերգական «Բորատ» ֆիլմի թողարկումից հետո, որն արգելվել է այդ երկրում:
Ղազախստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ այդ երկրի իշխանությունների կողմից տրվող վիզաների թիվն ավելացել է 10 անգամ:
«Բորատ. ծանոթություն ամերիկյան մշակույթին հանուն փառապանծ Ղազախստանի» ֆիլմը համաշխարհային էկրան է բարձրացել 2006-ին: Դրանում Սաշա Բարոն Քոենը խաղում է խելապակաս ղազախ լրագրողի դերը, ով ճանապարհորդում է ԱՄՆ-ում եւ նրա վարքը շատ հաճախ չի համապատասխանում ամերիկյան նորմերին: Ֆիլմում երգիծական դրվագները շատերն են սադրիչ որակել:
Ֆիլմի պրեմիերայից հետո, Ղազախստանի իշխանությունները սահմանափակել են Քոենի կայքի հասանելիությունը: Խազախական կինովարձույթները հրաժարվել են ցուցադրել ֆիլմը երկրի կինոթատրոններում: Ֆիլմը չի հայտնվել նաեւ ռուսական վարձույթներում:
Ղազախստանի խորհրդարանում, ԱԳ նախարար Կազիխանովը հայտարարել է. «Ես շնորհակալ եմ «Բորատին», որ այն օգնում է ավելացնել զբոսաշրջիկների թիվը: Ավելին, ինձ հայտնի է դարձել, որ ընկերությունն այն ժամանակ հատուկ «բորատ-տուր» է բացել դեպի Ղազախստան»,-ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի Կազախստան»-ը:
Հիշեցնենք, որ այս ֆիլմի հետ կապված սկանդալ էր տեղի ունեցել Քուվեյթում, որտեղ սպորտային հրաձգության աշխարհի առաջնության ժամանակ ղազախ մարզուհու պարգեւատրման ժամանակ Ղազախստանի հիմնի փոխարեն հնչել էր «Բորատի» երաժշտությունը:




























