Սիրիական ընդդիմության շարքերում կան հանցագործներ եւ թմրամոլներ: Նման եզրակացության է հանգել թուրքական Radikal թերթի թղթակից Ֆահիկ Թաշ Թեքինը, ով խմբագրության հանձնարարությամբ եղել է Սիրիայում եւ սեփական հետաքննությունն արել:

Թուրք լրագրողը նշել է, որ իր տեսածը ծայրահեղ տարբերվում է Թուրքիայի պետական լրատվամիջոցներով սիրիական ճգնաժամի լուսաբանումից:

Radikal-ը մեկն է թուրքական թերթերից, որի լրագրողները անկախ հետաքննություն են իրականացրել, զրուցել զինված հանցագործներից տուժածների հետ, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը:

Ֆահիմ Թաշ Թեքինը նկատել է, որ Հոմս քաղաքի բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները` փախչելով զինված ահաբեկիչներից, որոնք սպանում են խաղաղ քաղաքացիներին եւ վերացնում մասնավոր եւ պետական գույքը:

Թուրք լրագրողը եղել է Դարաա քաղաքում, նկարել Արդարադատության պալատը, որ այրվել էր անցած տարվա մարտի 22-ին:

Քաղաքի բնակիչները լրագրողին պատմել են, որ հրդեհումն իրականացվել է մի խումբ մաքսանենգների կողմից: Դարաայի բնակիչները նաեւ պատմել են, որ շատերը ցույցերին մասնակցելու համար գումարներ են ստացել Ալ-Օմարի մզկիթի շեյխ Ահմադ Աս-Սայասնայից: