Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կստանա ընտրողների 15 տոկոսի ձայները: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, հավելելով, որ ընտրարշավը բավական նորմալ է ընթանում:
Նա նաեւ նշեց, որ չի հավատում սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց Կոմկուսը 3-4 տոկոս ձայն կստանա: «Այդ սոցիոլոգիական հարցումները վստահություն չեն ներշնչում, քանի որ պատվերով են իրականացվում, իսկ ինչպես հայտնի է, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»,-ասաց նա:
Թովմասյանի խոսքով, թեեւ Կոմկուսի ղեկավարների հետ հանդիպումներին քիչ մարդ է մասնակցում, սակայն դա իրենց չի տխրեցնում, քանի որ գյուղացին զբաղված է իր ամենօրյա աշխատանքով, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն աջակցում կոմունիստներին:
Անդրադառնալով ընտրություններին մասնակցող այլ ուժերի մարդաշատ հանդիպումների փաստին, կոմկուսի առաջնորդն ընդգծեց, որ դա դեռ հաղթանակի նշան չէ, քանի որ շատ հաճախ մարդկանց իրենք են բերում, օգտագործելով վարչկան ռեսուրսը:
Նշենք, որ Թովմասյանի ասուլիսն առանց միջադեպի չանցավ: Ասուլիսի ժամանակ, հանկարծ սենյակ մտավ իրեն շարքային կոմունիստ ներկայացնող Մյասնիկ Պատվականյանը, ով սկսեց խանգարել Ռուբեն Թովմասյանին, կոմունիստներին մեղադրելով ծախվածության մեջ: Նրան կոմկուսի ակտիվիստները դուրս բերեցին սենյակից:
Ավելի ուշ Ռուբեն Թովմասյանը NEWS.am-ին հայտնել է, որ Պատվականյանն առանձնանում է իր ոչ ադեկվատ վարքով, հաճախ այցելում է Կոմկուսի գրասենյակ եւ սկանդալներ սարքում: «Լրագրողների հետ իմ հանդիպումը ձախողելու փորձը սադրանք է: Չեմ բացառում, որ դա կազմակերպվել է մեր մրցակիցներից մեկի կողմից»,-հայտարարել է Կոմկուսի առաջնորդը:




























