Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանին, Իսրայելին եւ Սիրիային միաժամանակ մեղադրել է այն բանում, որ «դրանք երկրներ են, որոնց հետ դժվար է համաձայնության գալ»:
Ինչպես Milliyet թերթին վկայակոչելով հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, թուրք նախարարը գովել է իր երկրի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը: Ըստ նրա` այն դրական արդյունքներ է բերում, եւ Անկարան իսկապես «շատ լավ հարաբերություններ ունի հարեւանների հետ` բացառությամբ երեքի»: Նա հատկապես նշել է հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ: Վատ հարաբերություններ Թուրքիան ունի հարեւան այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Իսրայելը եւ Սիրիան, որոնց քաղաքականությունը, ըստ նրա, բնորոշվում է հանցավոր ինչպես իրենց սեփական, այնպես էլ այլ ազգերի համար:
«Թուրքիայի համար դժվար է կայուն հարաբերություններ պահպանել նրանց հետ» - ասել է Դավութօղլուն:


























