Ես հարգում եմ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, սակայն որոշ իրադարձություններ կարող են անհասկանալի լինել անգամ նրա համար: Այդ մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտությունները «Ժառանգության» գործունեության վերաբերյալ:

Հովհաննիսյանի խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, սակայն նրա մոտ էլ կարող են չհասկանալու պատճառներ լինել. «Կարծում եմ` այդ հարցը առաջին հերթին պետք է տալ հենց առաջին նախագահին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին կայացած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր միասնական շտաբից «Ժառանգություն» կուսակցության դուրս գալու փաստին` ասելով. «Ժառանգության» վարքը ինձ համար անհասկանալի է: Գուցե ինձ չի բավականացնում կրթությունը, բայց ես, անկեղծ, չեմ հասկանում նրանց վարքը»:

Նշենք, որ սկզբում միասնական շտաբի ստեղծման հայտարարության տակ կար 4 ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ստորագրությունները, սակայն ավելի ուշ «Ժառանգությունը» հայտարարեց, որ իր ստորագրությունը ժամանակավոր էր: