2015 թվականը Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին սահմանը չէ: Այդ մասին, այսօր` ապրիլի 23-ին, լրագրողներին ասել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին զուգահեռ, համայն աշխարհի հայությունը պետք է փոխհատուցման եւ նրա սահմանման ընդհանուր ըմբռնման  հանգել:

 «Կրկնում եմ, 2015 թվականը ջրբաժան չէ: Ցեղասպանությունից անցել է 100 տարի, մենք կարող ենք եւս 100 տարի աշխատել:

Հայոց ցեղասպանության թեման միջազգային ցուցահանդեսներում, զեկույցներում, հրատարակություններում պետք է հասցնել համաշխարհային հանրությանը: Ընդ որում ավելի լայն համատեքստով` ապագայում ցեղասպանությունների դեմ պայքարի նախազգուշացմամբ: Իրավական դաշտում որեւէ փաստաթուղթ չկա, որը կվերացնի  նմանատիպ հանցագործության պատասխանատվությունը: Մենք պետք է օգտագործենք հնարավորությունները, որպեսզի ներկայացնենք այս հարցը բարձր մակարդակով», – ասել է Դեմոյանը, հույս հայտնելով, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսը  բովանդակային առումով բավականին հարուստ կլինի:

«Ամենատարբեր քաղաքացիներ թանգարան են հանձնում իրենց մոտ պահպանված  գրառումները  եւ այլ վկայություններ, որոնք շատ մեծ պատմական արժեք են ներկայացնում: Հուսով ենք` 100-ամյա տարելիցին նվիրված  ցուցահանդեսը հարուստ կլինի», – ավելացրել է Դեմոյանը: