Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Թուրքիայի խորհրդարան է ուղարկել 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածներին վերաբերվող 10 հազար 650 փաստաթուղթ, որտեղ մանրամասը ներկայացված են թուրքական զինուժի գործողությունները։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերից մեկում Թուրքիայի 4-րդ գլխավոր տեսուչ Հ. Ալփդողանը 1937-ի դեկտեմբերի 30-ին Ներքին գործերի նախարարություն ուղարկած հրամանի մեջ ասում է. «Արեւելյան վիլայեթների բանտեր ուղարկված դատապարտյալներին տեղում մահապատժի ենթարկեք, չթլպատված տղա երեխաներին հայի անուն դրեք եւ տեղահանեք քրիստոնյա երկրներ, չամուսնացած դերսիմցի աղջիկներին ամուսնացրեք թուրք երիտասարդների հետ, թուրք աղջիկներին ամուսնացրեք դերսիմցի երիտասարդների հետ։ Տեղեկացված եղեք, որ հաջորդ տարի Դերսիմի ժողովուրդը տեղափոխվելու է այլ վայրեր»։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։




























