Նախորդ գիշեր Մերձմոսկվայի Մոսկովսի քաղաքի Լենինյան շրջանում մի քանի տասնյակ մարդ պաշարել են ոստիկանության տեղի բաժանմունքը, որտեղ մի քանի ժամ առաջ ձերբակալել էին երեք հայաստանցիների` խուլիգանության համար: Որոշ տվյալներով, կոնֆլիկտի պատճառ է դարձել կռիվը, որը մեկ օր առաջ սկսել էին ոստիկանության աշխատակիցները սրճարաններից մեկում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Մոսկովյան 1-ին միկրոշրջանի «Դարյա» սրճարանի աշխատակիցները պնդում են, որ ապրիլի 21-ի երեկոյան հաստատությունում հանգստացել են ոստիկանները քաղաքացիական համազգեստով: ՆԳՆ-ի աշխատակիցների եւ սրճարանի աշխատակիցների միջեւ կոնֆլիկտ է ծագել, կռիվ է սկսվել, որում տուժել է հղի կին:
Հաջորդ օրը հաստատության վրա հարձակում է տեղի ունեցել` մի քանի մարդ քաղաքացիական համազգեստով կոտրել են սրճարանի ցուցափեղկերը: Այդ պատահարի մանրամասները բացակայում են, սակայն «Դարյայի» տերերը, հավանաբար, որոշել են վրեժ լուծել:
Սրճարանի շուրջ հավաքվել էին մահակներով զինված մարդիկ, սակայն որեւէ բան ձեռնարկել նրանց չի հաջողվել:
«Կիրակի, մինչեւ կեսգիշեր, ոստիկանություն տեղեկություն է ստացվել ականատեսներից, որ… փողոցում կանգնած է կովկասյան արտաքինով, փայտերով եւ մահակներով տղամարդկանց մի խումբ եւ բարձրաձայն ինչ-որ բան են ասում` ակտիվորեն օգտագործելով ոչ նորմատիվ բառապաշար», - «Ինտերֆաքսին» պատմել է ոստիկանության աղբյուրը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը տեսել է 8 մարդուց բաղկացած խումբ: Այնուհետեւ ոստիկանները մոտեցել են ակտիվ զրուցող տղամարդկանց եւ պահանջել են դադարեցնել հայհոյանքը, ինչպես նաեւ ցույց տալ փաստաթղթերը: «Ի պատասխան` անհայտ անձինք սկսել են իրենց ագրեսիվ պահել, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին եւ փախել են», - նշել է աղբյուրը:
Ներքին գործերի աշխատակիցները ձերբակալել եւ ոստիկանության բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացիների, որոնք Հայաստանից են եղել` գրանցված Կուրսկի շրջանում եւ Մոսկվայում: Երեք ձերբակալվածների նկատմամբ վարչական իրավախախտման համար 20.1 հոդվածով («Մանր խուլիգանություն») գործ է հարուցվել: Ձերբակալված են 37-ամյա Սերժիկ Մ.-ն, 33-ամյա Դավիթ Օ.-ն եւ 38-ամյա Արսեն Գ.-ն, հայտնում է Life News-ը:
Սակայն դրանով անկարգությունները չեն ավարտվել: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ են հավաքվել ձերբակալվածների հարազատներն ու ընկերները, ընդհանուր թվով` 50 մարդ: Ոստիկանության աշխատակիցների կողմից ցրվելու բազմաթիվ հրահանգներից հետո տվյալ քաղաքացիները լքել են տարածքը:




























