1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, «Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզչություն չի իրականացնի: Այդ մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ժամը 10:00-ին «Ժառանգության»  անդամներն ու կողմնակիցները Ազատության հրապարակից երթով կուղեւորվեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Խոսելով հայ-թուրքական  արձանագրությունների մասին` Հովհաննիսյանը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն սկզբնապես դեմ է եղել նրանց ստորագրմանը` փաստաթղթերը համարելով հակահանրապետական եւ հակասահմանադրական:

«Մենք ոչ միայն դեմ ենք այդ արձանագրություններին, այլեւ կարծում ենք, որ Հայաստանը պետք է հետ կանչի ստորագրությունները:

Թուրքիան չի հրաժարվում նախապայմաններից, հետեւաբար, Հայաստանը պետք է վերականգնի ներդաշնակությունը հարաբերություններում: Հայաստանը պետք է դուրս գա զուսպ քաղաքականության շրջանակներից, մենք ինքներս պետք է առաջ քաշենք մեր նախապայմանները Թուրքիային` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ կորուստների փոխհատուցման հետ», - ասել է Հովհանիսյանը: