Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, ով Հայաստանում է` մասնակցելու Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը: Այն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում:
Ս. Լեբեդեւը բարձր է գնահատել միջոցառումները` նշելով, որ նկատելի է Հայաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը դրանց նկատմամբ: Նա հաջողություններ է մաղթել` հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջին է, որ նման պատվավոր առաքելություն է ստանձնում: Ա. Գեւորգյանն իր հերթին հույս է հայտնել, որ տարվա ընթացքում շարունակվող միջոցառումները նոր թափ կհաղորդեն գրատպության զարգացմանը եւ նոր սերնդի մեջ սեր կառաջացնեն դեպի տպագիր գիրքը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերի օրակարգային հարցերին, ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը որոշ հարցերի վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ա. Գեւորգյանը նշել է, որ հանրապետության իշխանությունները ջանքեր են գործադրում ընտրությունները պատշաճ մակարդակով եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես` նոր Ընտրական օրենսգրքով մրցակցային հավասար պայմաններ են ապահովվում բոլոր ուժերի համար, եւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու բավարար հնարավորություններ ունեն: Երկուստեք հույս է հայտնվել, որ նախընտրական անցած շրջանին բնորոշ դրական միտումները կպահպանվեն, եւ բուն ընտրական գործընթացը կանցկացվի պատշաճ մակարդակով: Ս. Լեբեդեւը տեղեկացրել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետեւում է նախընտրական փուլին եւ նախատեսում է շարունակել աշխատանքները ողջ ընթացքում:




























