Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն այսօր` ապրիլի 23-ին, Լյուքսեմբուրգում պայմանավորվել են դադարեցնել պատժամիջոցները Մյանմարի նկատմամբ, քննարկել են Գվինեա-Բիսաուի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, ինչպես նաեւ կոչով դիմել են երկու Սուդանների իշխանություններին:
Ինչպես հաղորդում է Polit.ru-ն, Մյանմարի նկատմամբ նախկինի պես կգործի միայն զենքի առաքման նկատմամբ էմբարգոն:
Պատժամիջոցների հանումը կգործի մեկ տարի եւ կվերաբերի շուրջ 500 մարդու եւ 800 ընկերությունների:
Այս որոշումն ընդունվել է պետականության կառուցման ճանապարհին Մյանմարի իշխանությունների նկատմամբ քաջալերանքի արտահայտություն: Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին առաջին անգամ այդ երկրի խորհրդարան են անցել ընդդիմության ներկայացուցիչները` խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի գլխավորությամբ:
Փոխարենը ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Գվինեա-Բիսաուում պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը զավթած զինվորականների նկատմամբ: ԵՄ երկրների ԱԳ նախարարները դատապարտել են ապրիլի 12-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումը եւ կոչ են արել վերականգնել «լեգիտիմ իշխանությունը» եւ «սահմանադրական կարգը» երկրում: «Ինքնահռչակ անցումային ինստիտուտները չեն ճանաչվի»,- ասված է նրանց հայտարարությունում:
Ինչ վերաբերում է երկու Սուդանների միջեւ սկիզբ առած հակամարտությանը, ԵՄ երկրների ԱԳ նախարարները Սուդանի եւ Հարավային Սուդանի իշխանություններին կոչ են արել անհապաղ դադարեցնել իրենց զորքերի գրոհները, խուսափել սադրիչ գործողություններից եւ հռետորությունից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ AFP-ն` վկայակոչելով Սուդանի բանակի ներկայացուցիչներին, հայտնել էր, որ այս ընթացքում տեղի ունեցած մարտերի արդյունքում սպանվել է Հարավային Սուդանի 1,2 հազար եւ Սուդանի 230 զինվորական:




























