Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 23-ին, քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Նոր Նորքի ընտրողների հետ: Ողջունելով հավաքվածներին, նա հայտարարել է համայնքային ծառայությունների հետագա կատարելագործման, սոցիալ-տնտեսական վիճակի լավացման, բնակիչների մշակութային պահանջմունքների բավարարման անհրաժեշտության մասին:
ՀՀԿ-ն, ըստ նրա, ունի բավարար փորձ եւ գիտելիքներ, որպեսզի շարունակի այդ հարցերի լուծմանն ուղղված իրատեսական որոշումների կայացումն ու իրագործումը:
«Մենք Հայաստանը փոխում ենք դեպի լավը: Պետք է զարգացնել արտադրական հնարավորությունները, դաշտ բացել գործունակ յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք արժանապատիվ կյանքի համար հնարավորություններ կստեղծենք»,-ասել է Սերժ Սարգսյան:
«Ձեր մասնակցությամբ եւ ձեր վստահության հիման վրա մենք կարող ենք մտածել եւ իրագործել նոր ծրագրեր, որոնք կշարունակեն մեր կայուն կուրսը: Դրա համար անհրաժեշտ է հավատ սեփական ուժերի նկատմամբ: Հավատանք, որ փոխենք մեր կյանքը»,-ամփոփել է նա:
Նախագահը իր ելույթում կոչ է արել ընտրել ՀՀԿ-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով` թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ֆարմանյանին:




























