Ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի եւ Միխայիլ Չերնոյի միջեւ Բրիտանիայում սկսվելիք դատավարությունից առաջ տեղական մամուլը հրապարակել է Դերիպասկայի հուշերը «գողական» 90-ականների մասին: Հիշեցնենք, տարվա սկզբի Միխայիլ Չերնոյը, Դերիպասկայի նախկին գործըկներն «Ռուսալում», նրան դատի է տվել` հայտարարելով, որ Դերիպասկան իրենից զավթել է «Ռուսալի» 20%-ը: Ռուսաստան ալյումինի արդյունաբերության հսկայի 20%-անոց փաթեթն այժմ արժե 1,6 մլրդ ֆունտ:

Դերիպասկան, իր հերթին, պատասխանել է, թե Չերնոյը երբեք նրա գործընկերը չի եղել:

Բրիտանացի լրագրողներին Դերիպասկան խոստովանել է, որ 90-ականերին վճարել է կրիմինալ խմբավորումներին` իրեն «տանիք» լինելու համար:

«Ատում էի դա, բայց այդ ժամանակ այլ տարբերակ չկար` ապահովելու սեփական եւ աշխատակիցներիս անվտանգությունը»,- ասել է Դերիպասկան Sunday Telegraph ավանդական ուղղվածության թերթին:

«Երբ մենք սկսեցինք աշխատակիցներից գնել սեփակաշնորհումից ստացված բաժնետոմսերը, միանգամից ճնշում զգացինք քրեական աշխարհի կողմից: Առաջին անգամ, երբ նրանք  կարողացան իրոք ինձ վախեցնել, եղել է, երբ իմ առեւտրային տնօրենի գլխին երկու գնդակ արձակեցին: Այդ ժամանակ ես որոշեցի ժամանակավորապես ընդունել իրենց պայմանները, որ փրկեմ իմ եւ իմ աշխատակիցների կյանքը», - պատմել է Դերիպասկան, նշում է Versii.com կայքը:

Նրա խոսքով, ալյումինի շուկան սկսել են վերաբաշխել 1993 թվականից, երբ շատերը գլուխները կորցնում էին րոպեական հարստությունից: Արագ փողերը հրապուրել էին կրիմինալին: Մոսկվային ասում էին «Վայրի արմուտք», եւ բոլոր հասկացող մարդիկ խորհուրդ էին տալիս բախտը չփորձել: Այդ ժամանակ էլ նա հասկացել է, որ պետք է ստեղծել սեփական անվտանգության ծառայությունը: Առաջիններն այնտեղ ընդունվել են Դերիպասկայի նախկին բանակային ընկերները` զորացրված սպաները:

«Ես գիտեի, որ հավերժ դա տեւել չի կարող: Եվ այդ «տիրությունը», որ ինձ անում էին, ես համարում էի ժամանակավոր եւ ստիպված քայլ, մինչեւ կմաքրեմ ոլորտը կրիմինալից եւ ստեղծեմ սեփական անվտանգությունը, առանց որի ոչ իմ բիզնեսը, ոչ իմ աշխատակիցները չէին կարող իրենց ապահով զգալ: Անիրավ ժամանակ էր», - ասել է Դերիպասկան` հավելելով, որ հպարտ է, որ կարողացել է պաշտպանել իր աշխատակիցներին եւ ստեղծել հզոր ընկերություն: Բոլոր հարաբերությունները քրեական աշխարհի հետ նա խզել է 2002 թվականին, նշել է Դերիպասկան: