Facebook սոցցանցը կնքել է Instagram-ի հետ պատկերներով փոխանակվելու  գործարքը: Համաձայնության գինը կազմել է 300 միլիոն դոլար կանխիկ` գումարած սոցցանցի 23 միլիոն բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել էր, որ Instagram-ի ձեռքբերման համաձայնություն է կայացվել 1 միլիարդ դոլարի դիմաց եւ այդ ցանցի տաղանդավոր անձնակազմի` Facebook-ի անձնակազմին միանալու մասին:

Քանի որ Facebook-ի բաժնետոմսերը գնահատվում են մոտավորապես 30 դոլար մեկ հատի համար, գնման ընդհանուր արժեքն իրականում կազմում է մոտավորապես 1 միլիարդ դոլար, ընդ որում մեծ մասը վճարված է հենց բաժնետոմսերով:

Բացի դրանից, Facebook-ը պատրաստ է  Instagram-ին վճարել լրացուցիչ 200 միլիոն դոլար, եթե ինչ-որ պատճառով կառավարական վերահսկիչները կասեցնեն գործարքը, հայտնում է rbc-ն:

Instagram-ը բջջային սարքերի համար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս բազմատեսակ էֆֆեկտներ տեղադրել լուսանկարների վրա եւ հրապարակել դրանք Facebook-ի, Twitter-ի, Flickr-ի, Foursquare-ի, Posterous-ի եւ Tumblr-ի  էջում, ինչպես նաեւ ուղարկել էլեկտրոնային փոստով:  Instagram-ի օգտվողների թիվը վերջերս հասել է 30 միլիոնի: