Աստրախանի քաղաքապետի նախկին թեկնածու Օլեգ Շեինը խոստացել է դադարեցնել հացադուլը ապրիլի 24-ին` 40-րդ օրը: Այդ թիվը պարզապես համընկնում է, բացատրել է Շեինը, պարզապես հասեն են նպատակին.  դատարանի համար ընտրությունների խախտումների ապացույցներն արդեն ստացվել են, քաղաքական գործչի ձերբակալված համախոհներին ազատ են արձակում: Հացադուլից դուրս գալը պետք է տեւի 10 օր, Շեինը մտադիր է սկսել ջրով բացած հյութերից:

Այժմ Շեինը պատրաստվում է դատարանի միջոցով նոր ընտրություններ նշանակել: Դատարանը կվերանայի Աստրախանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայցը, լսումները նշանակված են ապրիլի 26-ին:

Շաբաթ օրը` ապրիլի 21-ին, Շեինն արդեն հայտնել էր հացադուլի դադարեցման մասին, սակայն շարունակել էր ակցիան, քանի որ Աստրախանում սկսվել էին նրա համախոհների ձերբակալությունները: Ի պատասխան հացադուլավորների թիվը հասել էր 40-ի (վերջին ժամանակներս Շեինի հետ հացադուլ էին անում 18 մարդ):

Քաղաքական գործիչը «gazeta.ru»-ին պատմել է, որ հացադուլի իր համախոհներն ակցիան դադարեցրել էին ապրիլի 23-ին: Անձամբ նա մտադիր է սպասել երեք համախոհների ազատ արձակվելուն եւ այն ժամանակ ընդունել ջրով բացված հյութ:

Ըստ Շեինի` իր շուրջ կան մասնագետներ, որոնք կօգնեն իրեն եւ իր համախոհներին հացադուլից գրագետ դուրս գալ: Ընդհանուր առմամբ, հացադուլից դուրս գալը պետք է 10 օր տեւի, կարծում է Շեինը: Հացադուլի ժամանակ քաղաքական գործիչը, ըստ նրա, կորցրել է 14 կգ քաշ իր սովորական 78 կգ-ից, նա «սրտի հետ մի փոքր խնդիրներ ունի»:

Ըստ պաշտոնական տվյալների` Շեինը քաղաքապետի ընտրությունները պարտվել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջադրած թեկնածու Միխայիլ Ստոլյարովին` հավաքելով  30% ձայն Ստոլյարովի  60%-ի դիմաց: Ընդդիմադիրը միանգամից հայտարարել էր ընտրախախտումների մասին, իսկ 12 օր անց, հուսահատվելով ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների տեսագրություններն ստանալուց, հացադուլ էր հայտարարել: