ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 23-ին, ազգի հիշողության օրերի միջոցառումների շրջանակում հանդես գալով Հոլոքոստի հուշահամալիր թանգարանում, ընդգծել է մարդու կողմից մարդու նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի, սարսափների մասին հետագա սերուդների ուսանելու կարեւորությունն ու ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկային հայկական համագումարը:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԱՄՆ նախագահի հայտարարությունը բոլորին հիշեցնում է անցյալի դասերից սովորելու կարեւորության եւ այդպիսով «Երբեք կրկին» (Never again) արտահայտությանն իրական իմաստ տալու մասին:

Ներկայացնելով Հոլոքոստը վերապրած, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, Օբաման ընդգծել է, որ «զանգվածային գազանությունների եւ ցեղասպանության կանխարգելումը Միացյալ նահանգների ազգային անվտանգության հիմնական շահն է եւ հիմնական բարոյական պատասխանատվությունը» եւ որ գիտակցությունն առանց գործողությունների ոչինչ չի փոխում: Վիզելը, ով հետեւողականորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հաստատել է կանխարգելման կարեւորությունը, հայտարարել է, որ Հոլոքոստի մեծագույն ողբերգություններից մեկն այն է, որ այն կարելի էր կանխարգելել:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին նախագահ Օբաման կարեւոր հնարավորություն ունի իր ուղերձը հղել եւ հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր դիրքորոշմանը: