Մոսկվայում` Գրականագետների կենտրոնական տանը ապրիլի 23-ին երեկույթ է կայացել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը ամսնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանցի եւ հայ քաղաքական եւ հասարակական գործիչներ, մտավորականներ:

«Հայերը ողջ աշխարհում, որտեղ էլ գտնվեն, այլ ժողովուրդների ներկայացուցիչները գլուխ են խոնարհում մեր մեկուկես միլիոն հայրենակիցների առջեւ, ովքեր զոհ գնացին նախորդ դարասկզբի առաջին ցեղասպանությանը»,- ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը:

«Մենք` հայերս, ահա արդեն 97 տարի ձգտում ենք հասնել այդ հանցագործության ճանաչմանը, եւ եթե պահանջվի, կձգտենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը նույնքան ժամանակ: Դա մեր ժողովրդի սրբազան պարտքն է նրանց առջեւ, ովքեր գազանաբար սպանվեցին»,- ասել է Օլեգ Եսայանը:

Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկն ընդգծել է, թե Ռուսաստանը չունի ավելի հավատարիմ  բարեկամ, քան Հայաստանը:

«Ռուսաստանը դեռ 1915թ. Հայոց ցեղասպանությունն անվանել է մարդկության դեմ հանցագործություն»,- ասել է պատգամավորը եւ հավելել. «Հայ ժողովուրդն ու ողջ առաջադեմ մարդկությունը պահպանում է ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ է արել հայրենակիցներին միավորել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: