Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին հենց Թուրքիային է պետք. մինչեւ Թուրքիան չհաշտվի իր անցյալի հետ, նա չունի ապագա,  չունի հեռանկարներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անխուսափելի է, թեեւ, ըստ նրա, բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են մարդկության դեմ, միեւնույնն է, դատապարտվել են: Շավարշ  Քոչարյանի կարծիքով` իրականում Թուրքիայի դեմ մեծ ճնշումներ կան Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:

Նրա փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ առաջնորդվում են այն արժեքներով, որոնք կային Օսմանյան կայսրությունում: Ամեն դեպքում, ըստ նրա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը անխուսափելի է, իսկ հայ-թուրքական հարաբերությունները, փոխարտգործնախարարի խոսքով, այժմ սառեցված  են հենց Թուրքիայի պատճառով: Նրա ակնկալիքը Թուրքիայից մեկն է` վավերացնել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ կյանքի կոչել դրանք:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: