Բացառիկ դեպք է ամբողջ Վրաստանի պատմության մեջ, երբ խոչընդոտվել է Ախալցխայի հայության` Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով տեղեկությունը, թե Ախալցխայի դպրոցներին արգելվել է դասերի հաշվին մասնակցել Ցեղասպանության միջոցառումներին:

«Դա շատ տգեղ երեւույթ է, եթե իրականությանը համապատասխանում է: Եւ սա տխուր նախադեպ է եւ պետք է նման բաները բացառվեն»,- նշեց Թորոսյանը:

Հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը` բացառելու նման քայլերը, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Մենք պետք է ակտիվացնենք պետական քաղաքականությունը Վրաստանի հայերի, առաջին հերթին ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդրում: Եւ երկրորդ, պետք է ավելի ավելի առարկայորեն աջակցություն ցուցաբերենք ջավախահայությանը, որ կարողանան հաղթահարել խոչընդոտները»:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Akhaltskha.net»-ը, որ ապրիլի 23-ին Ախալցխայի Ռեսուրս կենտրոն են հրավիրվել Ախալցխայի բոլոր հայկական գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները: Ռեսուրս կենտրոն ժամանած տնօրեններին խստիվ զգուշացրել են, որ դասերի հաշվին հանկարծ չմասնակցեն ապրիլ 24-ի սգո միջոցառումներին, որոնց ամեն տարի առանց որեւէ խոչնդոտների մասնակցում էին: Ընդամենը մի քանի օր առաջ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցի մի քանի ուսուցչուհի տնօրենության համաձայնությամբ դիմել էին Ախալցխայի քաղաքապետարանին խնդրանքով, որպեսզի ինչպես ամեն տարի այս տարի եւս մասնակցեն քաղաքում կազմակերպվելիք Հայոց Ցեղասպանության նվիրված սգո միջոցառումներին: Անկախ Վրաստանի գոյության ընթացքում սա առաջին դեպքն է երբ Ախալցխայում դպրոցներին արգելում են մասնակցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված եկեղեցու հոգեհանգստյան Պատարագին եւ միջոցառումներին: