Թուրքիան ամերիկյան քաղաքական գործիչներին նախազգուշացրել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսելիս «ցեղասպանություն» բառն օգտագործելուց խուսափելու մասին: Ինչպես Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնյային հղում անելով տեղեկացնում է Today`s Zaman-ը, «ցեղասպանության շուրջ վեճերը չպետք է օգտագործվեն ԱՄՆ-ի ներքին գործերում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 24-ին, ակնկալվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավանդական ելույթը: Առ այսօր Օբաման չի կատարել 1915թ. Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն անվանելու իր խոստումը` իր ճառում սահմանափակվելով հայկական «Մեծ եղեռն» հոմանիշով:
«Ինչպես եւ նախորդ տարիներին, Թուրքիան Օբամայից սպասում է «անկողմնակալության», եւ որ նա, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, կխոսի հայերի եւ թուրքերի ընդհանուր ցավի մասին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, քանի որ հայերը միակը չէին, որ տուժել էին պատերազմից», - հայտարարել է թուրք պաշտոնյան:
Մինչդեռ Թուրքիայի քաղաքական եւ փորձագիտական շրջանակները կարծում են, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները հաշվի առնելով, Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառն իր ճառում:
Այսօր աշխարհում նշվում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կոտորվել է 1,5 միլիոն հայ: Ապրիլի 24-ը, օր, երբ 1915 թվականին Կոստանդնուպոլսում ձերբակալվել էր եւ մահապատժի ենթարկվել հայկական ամբողջ մտավորականությւոնը, դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական օրը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են նաեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, որոնք ապրիլի 24-ը հայտարարել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, նմանատիպ որոշումներ են կայացրել նաեւ Ուելսը, Շոտլանդիան, Իռլանդիան եւ Ավստրալիան:




























