Microsoft ընկերությունը Facebook սոցցանցին կվերավաճառի AOL ինտերնետ-հոլդինգից ձեռք բերած պատենտների մեծ մասը: Համաձայն ընկերությունների համատեղ հայտարարությանը` Microsoft -ը  Facebook-ին կտա 920 պատենտներից 650-ը: Մնացած մասից սոցցանցը կարող է օգտվել լիցենզիայով:

Թե պատենտներում ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը, ընկերությունում չեն հստակեցնում: Գործարքի արժեքը կկազմի կանխիկ  550 միլիոն դոլար:

Microsoft-ը ժամանակին   AOL-ի բոլոր պատենտները ձեռք բերելու համար ավելի քան 1 միլիարդ դոլար էր ծախսել:  Համաձայնագրի պայմաններով`  Microsoft-ը կպահպանի իրավունքները  Facebook-ին փոխանցած պատենտների նկատմամբ, հաղորդում է vesti.ru-ն:

Microsoft-ի տեխնոլոգիաները կարող են օգնել Facebook-ին  Yahoo-ի դեմ  «պատենտային պատերազմում»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, մարտին  Yahoo! Inc.-ը Սան Խոսե քաղաքի դատարանում հայց էր ներկայացրել, որում մեղադրել էր  Facebook Inc.-ին  Yahoo!-ին պատկանող 10 պատենտների օգտագոման մեջ:  Հայցում Yahoo!-ն նշում է իր 10 պատենտները, որոնք վերաբերում են առցանց գովազդներին, հաղորդագրությունների փոխանցմանը, գաղտնիության ապահովմանը եւ այլն, որոնք անհրաժեշտ են հաջող համացանցային կայքի  ստեղծման համար:  Ընկերությունը պահանջում է արգելել տեխնոլոգիաների օգտագործումը եւ վնասը փոխհատուցել եռակի չափով: Սոցցանցը հանդես է եկել պատասխան հայցով: