Մեզ համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հայերին հաջողվեց հաղթահարել իրենց մեջ զոհի բարդույթը: Այդ մասին, այսօր` ապրիլի 24-ին, հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` Ծիծեռնակաբերդում:
Նրա խոսքով, 900 տարի շարունակ հայ ժողովուրդը հալածվում էր, եւ դրա գագաթնակետը Հայոց ցեղասպանությունն է: «Հենց այդ պատճառով էլ հայերի մեջ ձեւավորվել էր զոհի բարդույթը: Սակայն շնորհիվ ղարաբաղյան պատերազմում մենք կարողացանք հաղթահարել զոհի բարդույթը, եւ դա մեր գլխավոր ձեռքբերումն է»,- նշել է Զուրաբյանը:
Թեեւ քաղաքական բոլոր ուժերը հուշահամալիր էին այցելել իրենց առաջնորդների գլխավորությամբ, ՀԱԿ պատվիրակությունն առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի էր: Հարցին, թե որտեղ է Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը դադար տվեց, ասելով, որ հարցազրույց ունի եւ հեռացավ:




























