Մենք կորցրել ենք ոչ միայն 1.5 միլիոն հայերի, այլեւ մի ամբողջ հայրենիք, քաղաքակրթություն, մշակույթ ժառանգություն  եւ դրա համար  Ծիծեռնակաբերդ գալով  հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհերին: Այս մասին, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ լրագրողների հետ  զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ ամեն դեպքում առաջ պետք է նայենք: Նա հիշեցրեց, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, ինչը նրանց  պատմության եւ արժանապատվության հարցն է:

Րաֆֆի Հովհանիսյանը նկատեց, որ մենք միասին պետք է կառուցենք իրավական, սահմանադրական սկզբունքների վրա հիմնված երկիր, որպեսզի կարողանանք մեր հարցերը բարձրացնել դրսում:

«Այնպիսի փոփոխություններ պետք է անենք, որ մեր երկիրը վերադարձնենք մեր ժողովրդին: Այդ դեպքում մենք կկարողանանք արդարություն հաստատելով տանը` այդ արդարությունը պահանջել նաեւ աշխարհից»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը  եւ ողջունեց այն թուրքերին, ովքեր օգնել են հայերին փրկվել:

Նա նաեւ ողջունեց այն փաստը, որ Թուրքիայում քաղաքացիական հասարակության մեջ հնչում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու պահանջներ: Նրա խոսքով, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր առանցքային եւ դարակազմիկ  հարցերից է, որի համար մենք պետք է կերտենք քաղաքակիրթ պետություն:

«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ մոտ ժամանակներս  կտեսնենք էական առաջընթաց Հայոց ցեղասպանության ճանաչման  ուղղությամբ: Անդրադառնալով հայ թուրքական հարաբերություններին, նա ասաց. «Այդ արձանագրությունները պետք է հետ կանչվեն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց նախապայմանների»: