Տուլայի մարզի Օկտյաբրսկ ավանում ապրող ռուսաստանաբնակ Գեղամ Սարգսյանը, ով սպանել էր տուն մտած 3 կողոպտիչներին, օրեր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից եւ գտնվում է տանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Սարգսյանի փաստաբան Եվգենի Միշիխինը:

Հիշեցնենք, որղբերգական դեպքը, որը մեծ արձագանք է գտել ռուսաստանյան մամուլում, տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 7-ին` Տուլայի մարզի Օկտյաբրսկի ավանում: Երեկոյան ժամը իննին չորս հանցագործներ ներխուժել են Սարգսյանի տուն։ Հարձակվողները զինված են եղել ատրճանակով, դանակներով եւ բեյսբոլի մահակով: Նրանք սպառնացել են սպանել Սարգսյանին եւ ընտանիքի բոլոր անդամներին՝ չնայած Գեղամ Սարգսյանը առանց դիմադրություն ցույց տալու համաձայնել է նրանց տալ տան ամբողջ գումարը եւ թանկարժեք իրերը։ Գեղամ Սարգսյանը, դիմադրություն է ցույց տվել, երբ կողոպտիչներից մեկը ատրճանակը ուղղել է դեպի նրա թոռը: Սարգսյանը սպանել է երեք կողոպտիչներին, վիրավորված չորրորդը, կարողացել է հեռանալ:

Ի պաշտպանություն Սարգսյանի շատերն են հանդես եկել։ Տուլայի մարզպետ Վլադիմիր Գրուզդեւը, ՌԴ հանրային խորհրդի անդամ, իրավաբան Անատոլի Կուչերենան նույնպես աջակցում են նրան:

Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ռուսաստանյան մամուլում շրջանառվում է այն վարկածը, որ Սարգսյանի տան վրա հարձակման պատճառներից մեկը նրա որդու պարտքերն են:

Սույն խնդրի հետ կապված NEWS.am-ի թղթակցի հարցմանը` Սարգսյանի փաստաբանը պատասխանեց, որ նախաքննությունը դիտարկում է մի քանի աշխատանքային վարկած: