Nabucco գազատարի իրականացումն առանց Իրանի անհնար է: Այդ մասին, ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին՝ Իրանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ: «Խոսելով Nabucco գազատարի շինարարության մասին՝ առանց Իրանի, մենք խոսում ենք դատարկ գազատարի մասին»,- հայտարարել է նախարարը եւ հավելել, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն եւ փող ունի, թող իր համար գազատար կառուցի, բայց առանց Իրանի:
Մեկնաբանելով էներգետիկայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը, թե Իրանի աշխարհաքաղաքական դիրքը չի համապատասխանում Հարավային միջանցքի նախագծերին մասնակցելուն, Մոթաքին նկատել է. «Մենք երբեք չենք լսել, որ եվրոպացիները ամերիկացիներին լիազորեն գազատարի վերաբերյալ որոշումներ կայացնել»: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ երկիրը Ռուսաստանից հետո աշխարհում գազի ամենամեծ պահուստներն ունի:
Նշենք, որ առ այսօր որպես Nabucco-ին գազ մատակարարելու հիմնական առաքիչ դիտարկվում էր Ադրբեջանը, սակայն այդ երկրի գազի պահուստները չափազանց փոքր են նման հավակնոտ ծրագրի համար: Գազատարի նախագիծը գնահատվում է 7,9 միլիարդ եվրո եւ նպատակ ունի Եվրոպան ազատել ռուսական գազի կախվածությունից: Ամեն տարի նախատեսվում է գազատարով առաքել մոտ 31 միլիարդ խմ գազ: Ամերիկյան կողմը հնարավոր է համարում գազատարին Իրաքի մասնակցությունը, սակայն ծրագրի նախաձեռնողների հիմնական նպատակն է ՝ առաքումներ ապահովել Միջին Ասիայից, ինչի դեմ պայքարում են Ռուսաստանն ու Չինաստանը:




























