1915թ. իրադարձությունների շուրջ նոր քննարկումներն առաջին հերթին անհրաժեշտ են այսօրվա թուրքական հանրությանը: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է թուրք քաղաքագետ, Վաշինգտոնի Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի պրոֆեսոր Օմեր Թասպինարը: Նրա կարծիքով` թուրքերն առավել բաց կդառնան Հայաստանի եւ հայերի մասին բանավեճում, երբ Թուրքիան հաղթահարի ներկայիս պատկերացումները, թե բոլորը, ովքեր ապրում են Թուրքիայում, թուրքեր են:
Բացի այդ, պրոֆեսորի կարծիքով, ժամանակակից Թուրքիայի բնակչությունը պետք է հասկանա, որ համընդհանուր ձուլման նախագիծը ձախողվել է, որ Թուրքիայում կան փոքրամասնություններ, եւ այդ փաստի ճանաչումը սեպարատիզմի խրախուսում չի նշանակում:
Խոսելով Թուրքիայի կողմից 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն անվանել հրաժարվելուց, քաղաքագետը նշեց, որ այդ դեպքում ոչ պակաս դեր ունի վախը: «Շատերը վախենում են, որ ցեղասպանության ճանաչումը միայն առաջին քայլը կդառնա, որին կհետեւեն մի շարք պահանջներ` ինչպես տնտեսական, այնպես էլ տարածքային»,-ամփոփեց նա:




























