Սիրիայի կառավարությունը մերժում է ՄԱԿ-ի այն երկրների դիտորդների մուտքը երկիր, որոնք մասնակցում են «Սիրիայի ընկերների» խմբի  գործունեությանը: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտնել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղարարական հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը:

Ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսի` Լադսուսը հայտնել է, որ Դամասկոսն արդեն երկիր չի թողել դիտորդներից առաջին խմբի անդամներից մեկին, եւ նման գործողություններն անվանել է «ՄԱԿ-ի տեսանկյունից միանգամայն անթույլատրելի»:

«Սիրիայի ընկերների» խումբը, որի մեջ, մասնավորապես, մտնում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Քաթարը,  ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) ճանաչել էր որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ:

Ինչպես հայտնում է  AFP-ն, ապրիլի 24-ին Անանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ էր արել «արագ» երկիր ուղարկել 300 դիտորդներ:

«Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության դիտորդների շուտափույթ ժամանումը կարեւոր նշանակություն ունի: Մեզ տեղում հարկավոր են աչքեր եւ ականջներ», - հայտարարել էր Անանը, նշելով, որ Հոմս քաղաք դիտորդների մի փոքր խմբի  ժամանելուց հետո բռնության մակարդակը նշանակալիորեն նվազել էր:

Հատուկ բանագնաց Անանի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆավզին հայտարարել էր, որ զենքերը լռում են, երբ ՄԱԿ-ի միջազգային դիտորդները  մտնում են  խնդրահարույց տարածքներ, իսկ երբ նրանք հեռանում են, հրաձգությունը վերսկսվում է: Բացի դրանից, իշխանություններն իրականացնում են դիտորդների հետ բանակցել փորձող սիրիացիների հետապնդում: «Իրադրությունը խիստ անբավարար է», - հայտարարել է Ֆավզին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն  հավանություն էր տվել 300 դիտորդների Սիրիա ուղարկելուն` զինադադարին հետեւելուն վերահսկելու նպատակով: Դիտորդները, որոնց շարքում կան 4 ռուսներ, Սիրիա կուղարկվեն նախնական շրջանում 90 օրով: