Իրանցի մասնագետներին հաջողվել է ապակոդավորել ամերիկյան անօդաչու թռչող սարքի տվյալները, որը դեկտեմբերին գրավվել էր Իրանի տարածքում: Այդ մասին հաղորդել է Իրանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալահէդդին Բորուջերդին:

«Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիան հաջողությամբ  ապակոդավորել է ամերիկյան RQ Sentinel անօդաչու թռչող սարքի տվյալները: Դա շրջադարձային է Իրանի տեխնոլոգիական հնարավորությունների տեսակետից»,-ասել է նա, հաղորդում է  «Ինտերֆաքսը»` հղում անելով իրանական Press-TV հեռուստաալիքին:

Հիշեցնենք,  2011թ. դեկտեմբերի 4-ին Իրանի ՀՕՊ-ի ուժերը գցել էին  ամերիկյան RQ Sentinel անօդաչու թռչող սարքը: Ըստ իրանական պետական լրատվամիջոցների` սարքը խփվել էր հատուկ ծառայությունների աշխատակիցների կիբերհարձակման շնորհիվ:

Միաժամանակ արեւմտյան մամուլում լուրեր էին շրջանառվում, որ սարքը գցել են Ռուսաստանից ձեռք բերված  «Ավտոբազա» համակարգի օգնությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին խնդրել էր վերադարձնել սարքը, սակայն Իրանը մերժել էր` ԱՄՆ-ին մեղադրելով իր օդային տարածք ներխուժելու մեջ: