Ամերիկահայերը հիասթափված են նրանից, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, իր ավանդական ամենամյա ուղերձում կրկին դրժել է խոստումը եւ չի արտասանել «ցեղասպանության» բառը:

«Ցեղասպանության ճանաչման եւ կանխարգելման հարցը կարեւոր խնդիր է ողջ մարդկության համար»,-հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Իր հայտարարությունում նա նշել է, որ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու դեպքում է հնարավոր ցեղասպանությունը կանխարգելելու խոստումը:

Արդունին կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հավելելով, որ ամերիկահայերը կշարունակեն պայքարն այդ ուղղությամբ:

Իր հերթին, ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նշել է, որ Ցեղասպանությունը ճանաչելու Օբամայի խոստումն այսօր ընկալվում է որպես բացահայտ սուտ:

«Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ նախագահի կապիտուլյացիան, իսկ սա Բարաք Օբամայի նախագահական ժամկետի վերջին ապրիլի 24-ն էր, հակասում է ամերիկահայերին եւ երկրի ողջ ժողովրդին տված նրա խոստմանը»,-ընդգծել է Խաչիկյանը: