Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ին պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի եւ այլ շահառուների միջեւ, ինչպես նաեւ մշակվելու է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրների նախարարական գագաթաժողովում վերջնականապես կհաստատվի եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Քարտուղարության փոխանցումը Հայաստանին բարձրագույն կրթական համակարգում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների միջազգային ճանաչման լավագույն գնահատականներից է: Այն նոր հեռանկարներ է բացում ինչպես Հայաստանի կրթական համակարգի, այլեւ երկրի միջազգային հեղինակության եւ վարկանիշի բարձրացման առումով:
Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովի շրջանակում կրթական հարցերի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները` Եվրոպայում բարձրագույն կրթության համաձայնեցված համակարգ ապահովելու նպատակով:
ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունությոն ազգային տեղեկատվական կենտրոնի տնօերն Գայանե Հարությունյանը, ինչպես նաեւ ԿԳՆ-ի եւ ուսանողական համայնքի ներկայացուցիչներ:




























