Հայաստանը միշտ գնահատել է կանանց, նրանք եղել են ազատ եւ տղամարդկանց հավասար մասնակցել են կենսական խնդիրների լուծմանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց բանավեճի ժամանակ ասաց «Միավորված հայեր» կուսակցությունից Սիմա Իսկանդարյան:

Նրա խոսքով՝ միջազգային պայմանագիր կնքելը մի բան է, իսկ սեռերի միջեւ հավասարություն ապահովելը` մեկ այլ բան: «Հայաստանը չկարողացավ այդ փաստացի հավասարությունն ապահովել, դրա համար վերցրեց կանանց նկատմամբ հովանավորչական մոտեցում եւ վերաբերմունք»,- նշեց Սիմա Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն ոլորտներում, որտեղ ընդգրկված են կանայք՝ կրթություն, մշակույթ, առողջապահություն, աշխատավարձը չի ապահովում նվազագույն պայմաններ, դրա համար նկատվում է «աղքատության ֆեմինիզացում»:

«Միավորված հայերը», նրա ներկայացմամբ, իր նախընտրական ծրագրում ներառել է մի շարք գաղափարներ՝ ընտանիքի դերի բարձրացում, միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, կայունացում, պետական եւ հասարակական գործընթացներում  կանանց ներգրավածություն: Կուսակցությունը հավատում է, որ   կինը կկարողանա փոխել իրավիճակը: