Հայ ազգային կոնգրեսը միակ ուժն է, որտեղ կան երկու կին առաջնորդներ, առնվազն երկու կին հանդիսանում են քաղաքական խորհրդի անդամներ, եւ կանայք ոչ թե կցորդ են, այլ` որոշող: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ նշեց Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ իրենց ծրագիրը պետական կառավարման ծրագիր է, մշակվել է չորս տարվա ընթացքում, անցել է փորձագիտական եզրակացություն եւ այլն:
«Այն կուսակցությունները, որոնք եղել են խորհրդարանում եւ կարող էին վերացնել 70 տոկոս աղքատությունը, ցավոք չեն արել: ԱԺ-ում ներգրավված կանայք ոչինչ չեն արել խնդիրները շտկելու համար»,- ասաց նա՝ առանձնացնելով մի շարք ոլորտներում առկա խնդիրներ, ինչպես օրինակ՝ երեխաների համար տրվող չնչին նպաստները:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ ՀԱԿ-ի քաղաքականության հիմնաքարը տնտեսական եւ քաղաքական մենաշնորհների վերացումն է, որոնք փոխկապակցված են: «Պետք է բարձրացվի եւ փոխվի կանանց դերը քաղաքականության մեջ, ականատես ենք դեպքերի, երբ կինը տղամարդկանց կողմից օգտագործվում է որպես անվայել արարքների գործիք, հիմնական կեղծիքները կատարվում են կանանց ձեռքերով, օրինակ՝ ընտրակեղծիքները»,- ասաց ՀԱԿ պատգամավորության թեկնածուն՝ կոչ անելով կանանց իրենց ավելի շատ գնահատել, ավելի շատ սիրել եւ ստիպել բոլորին հարգել իրենց եւ փոխել կանանց դերը հասարակական եւ քաղաքական կյանքում:




























