Ռուսաստանի ՆԳՆ բարձրաստիճան ձերբակալված պաշտոնյա Էդուարդ Սանդրուկյանի պատմությունը շարունակություն է ստացել:
Նրա որդի Սերգեյ Սանդրուկյանին հեռացրել են Մոսկվայի դատախազությունից այն բանի համար, որ նա փորձել է խոչընդոտել հոր ձերբակալությանը:
Հիշեցնենք, ապրիլի 22-ին Ռուսաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդուարդ Սանդրուկյանին կալանավորել են Մոսկվայի «Կրոկուս Սիթի Մոլ» ցուցահանդեսային կենտրոնում 900 հազար դոլար կաշառք ստանալու համար: Ավելի ուշ դատարանը նրա կալանքի հրամանն էր տվել:
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, 24-ամյա Սերգեյ Սանդրուկյանը Մոսկվայի դատախազության ընդհանուր վերահսկողության վարչության բաժանմունքում է աշխատել: Նրան աշխատանքից հեռացրել են ապրիլի 24-ի առավոտյան:
Հրատարակչությունը նաեւ որոշ մանրամասներ է ներկայացնում ավագ Սանդրուկյանի ձերբակալման գործողություններից: Այն տեղի է ունեցել ապրիլի 22-ի ուշ երեկոյան: ԱԴԾ-ի աշխատակիցները կասկածյալին բռնել են Կրասնագորսկի մոտ գտնվող իր տանը:
Արդարատդատության գնդապետի որդին, հավանաբար, տեղեկացրել է ծառաներից մեկը, ընկերների հետ կառավարական АМР շարքի պետհամարանիշներով մեքենաներով շտապ հասել է տուն գործողության ակտիվ փուլն սկսվելուց մի քանի րոպե անց:
Սանդրուկյան կրտսերն իրեն, ըստ իրավապահների, բավական հանդուգն է դրսեւորել, իր դատախազական վկայականը սկսել է թափահարել ԱԴԾ-ի աշխատակիցների դիմաց, սպառնալիքներ է տեղացել:
Կարճ խորհրդակցությունից հետո Սանդրուկյանից խլել են վկայականը եւ պատռել նրա աչքի առաջ:
Հայտնվում է նաեւ, որ 900 հազար դոլարը, որը բռնել են Սանդրուկյանի մոտ, հնարավոր է, եղել է միայն կաշառքի մի մասը, որի վերջնական գումարը կարող է հասնել 6 միլիոն դոլարի: Բացի դրանից ստուգվում է այն տեղեկությունը, ըստ որի արդարադատության գնդապետը Ռուբլյովկայի մայրուղում 1,5 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան տեր է:
Սանդրուկյանին գործընկերներն անվանել են «Սունդուկ» (անսահմանափակ ֆինանսական հնարավորությունների համար), ինչպես նաեւ «Ալքիմիկոս»`մաքսատանը ադամանդներն ապակու, պլատինը` կապարի, իսկ հերոինը` լվացքի փոշու վերածելու ունակության համար: Նախկինում նա Սոչիի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահն էր, իսկ 2010 թվականին հասցրել էր երեւալ նաեւ մաքսանենգության գործում` ոչ միայն վկայի դերում:




























